ԾՐԱԳՐԻ ԵՎ ԲԱԶԱՅԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԶԱՅԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Սույն կայքում ներկայացված կուսակցությունների ցանկը և նրանց վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները (կուսակցության գրանցման համարը, հիմնադրման տարին, գրանցման օրը, անվանումը, հասցեն, գործադիր մարմնի ղեկավարը և այլն) Հիմնադրամի գրավոր դիմումի համաձայն իր 17.01.07թ. թիվ 3–2/0043–07 գրությամբ տրամադրել է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Ի տարբերություն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007թ. ընտրություններին մասնակցող կուսակցություններ» խորագրով ուղեցույցի, կուսակցությունների սույն կայքէջում և ամբողջական տեղեկագրում ընդգրկված են 10/01/2007թ.–ի դրությամբ գրանցված բոլոր 74 կուսակցությունները, ինչպես նաև 2007թ. փետրվարի 26–ին գրանցված մեկ կուսակցություն, որը նաև մասնակցել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններին: Ընդ որում, կայքէջում և տեղեկագրում ընդգրկված այն 18 կուսակցությունները, որոնք տարբեր պատճառներով չեն մասնակցել Հիմնադրամի հարցմանը, տեղեկատվական նյութերում ներկայացված են ՀՀ Արդարադատության նախարարության կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությամբ:

Սույն կայքի միջոցով հասանելի բազայի համապատասխան տեղեկատվական նյութերը մշակվել են Հիմնադրամի կողմից կազմված հարցաթերթիկին կուսակցությունների կողմից տրված պատասխանների և նրանց պաշտոնական հրապարակային փաստաթղթերում ներառված հիմնադրույթների համադրման հիման վրա: Այդ նպատակով կուսակցությունների վերոհիշյալ ցանկի և նրանում ներառված տվյալների հիման վրա Հիմնադրամը կուսակցությունների պաշտոնական ներկայացուցիչներին փոխանցել է իր կողմից մշակած հարցաթերթիկ, որում ներառված հարցերը կազմվել են հաշվի առնելով կուսակցությունների ծրագրերում ներառված հիմնադրույթներն ըստ դրանց կարևորության, ինչպես նաև երկրի զարգացման ներկա հանգրվանին առնչվող մի շարք հրատապ և կարևոր նշանակության հիմնախնդիրներ, որոնց համադրումը հնարավորություն է տալիս տարբերակել կուսակցություններին առանձին հիմնահարցերի վերաբերյալ իրենց ունեցած պաշտոնական դիրքորոշումներով:

Չնայած 2007թ.–ի հունվարի 22–ից մինչև մարտի 20–ը ընկած ժամանակահատվածում բոլոր կուսակցություններին Հիմնադրամի կողմից ուղղված բազմաթիվ գրություններին, առաջարկներին ու հորդորներին, ինչպես նաև ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և մամուլում հրապարակված հայտարարություններին` Հիմնադրամին հաջողվել է կապ հաստատել և հարցաթերթիկներ տրամադրել հունվարի 10–ի դրությամբ ՀՀ–ում գրանցված և գործող 74 կուսակցություններից 63–ին, որոնցից 7–ը տարբեր պատճառաբանություններով նպատակահարմար չեն գտել իրենց կուսակցության մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել: 11 կուսակցության ընդհանրապես հնարավոր չի եղել մասնակից դարձնել հարցմանը և Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի աշխատանքներին, քանի որ չնայած ձեռնարկված բազմաթիվ փորձերին անհնար է եղել նրանց գտնել Արդարադատության նախարարությունից ստացված հասցեներով կամ կապ հաստատել նշված հեռախոսահամարներով: Այսպիսով, 2007թ.–ի հունվարի 10–ի դրությամբ ՀՀ–ում գրանցված և գործող 74 կուսակցություններից իրենց կուսակցության մասին անհրաժեշտ տեղեկատվություն Հիմնադրամին տրամադրել են հարցմանը մասնակից դարձված 63 կուսակցություններից 56–ը:

Կուսակցությունների պատասխանատու ներկայացուցիչների կողմից կամ Հիմնադրամի փորձագետների հետ համատեղ լրացված հարցաթերթիկների պատասխանները համեմատվել են համապատասխան կուսակցությունների կանոնադրություններում, ծրագրերում և պաշտոնական այլ փաստաթղթերում ամրագրված դրույթների հետ: Համեմատության արդյունքում ցանկացած բնույթի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում (տվյալ հարցին տրված այլ մեկնաբանություն, պատասխանի բացակայություն, իմաստային տարբերություն, անավարտ միտք և այլն) լրացված հարցաթերթիկները խմբագրվել և լրամշակվել են, Հիմնադրամի կողմից նախապես մշակված չափանիշների և տարբերանշանների միջոցով նշվել են անհամապատասխանություն պարունակող առանձին դրույթներն ու հատվածները և խմբագրված տարբերակները ներկայացվել են համապատասխան կուսակցություններին` վերստուգման և հաստատման համար` հարկ եղած դեպքում նաև լրացուցիչ լրամշակման, հրապարակվելիք վերջնական տեսքի ճշգրտման և անաչառության ապահովման համար: Հրապարակվող հարցաթերթիկներում ներառված վերջնական պատասխանների և համապատասխան կուսակցությունների պաշտոնական փաստաթղթերում ամրագրված դիրքորոշումների միջև պահպանված բոլոր անհամապատասխանությունները դասակարգված և ստորև ներկայացվող համապատասխան մեկնաբանություններով ու բացատրություններով:

© 2010 FCSD. All rights reserved. Hayrapetyan Computers LLC.